Շենգավիթի հնավայր, Երևանի ուրարտական դամբարան

Արտագնա ուսումնական պարապունք

Մենք՝ սեբաստացիներս,այսօր ուղևորվեցինք Շենգավիթ համայնքում գտնվող մի հնավայր,որտեղ հետազոտություններ, ապա պեղումներ են կատարել հնագետները:Այդ բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով,իսկ պարսպի տակ հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի։Այնտեղից հայտնաբերված գտածոները մենք տեսանք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղում։ Շատ հետաքրքիր էր մեր ուղևորությունը, ես շատ տպավորված վերադարձա տուն։

Շենգավիթ հնավայր

Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ:

Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ: Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով: Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են.

  • Ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն),պղնձե իրեր:
  • Պեղվել են մանր ու խոշոր ամաններ՝ պատրաստված բարձր որակով, կարասներ, կճուճներ, գավաթներ, քրեղաններ, թասեր, սկահակներ, թեյնիկաձև ամաններ, քամիչներ և այլն:
  • Հացահատիկի հորեր՝ 3-4 մ. խորությամբ, 1 մետր լայնությամբ ալյուրի ամբար:
  • Աշխատանքային գործիքներ ու զենքեր-
  • Արձանիկներ: Հայտնաբերվել են նաև այծի, ձիու, ցուլի արձանիկներ:
  • Կենդանիների ոսկորներ: Գտնվել են շան, ցուլի, վարազի, նապաստակի, այծյամի և այլ կենդանիների ոսկորներ:
  • Պեղվել են մի շարք թաղումներ, որոնք տոհմական բնույթի էին՝ պատկանել են մի մեծ ընտանեկան համայնքի:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը ստեղծվել է 1968 թ., որի համար գիտական հիմք են հանդիսացել Շենգավիթ հնավայրը և այնտեղից հայտնաբերված գտածոները: Պեղված նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում: Հավաքածուն ներառում է պաշտամունքային իրեր՝ օջախներ, զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկներ, քարե, ոսկրե աշխատանքային գործիքներ՝ կացիններ, աղորիքներ, սանդեր, գուրզեր, ասեղներ, իլիկի գլուխներ, նետասլաքներ, բրոնզե զարդեր՝ օղեր, ապարանջաններ, քորոցներ և այլն: Հավաքածուի մաս է կազմում սև, փայլեցված, կարմիր, գորշ խեցեղենը, որը փորագրված է եղել երկրաչափական նախշերով կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով։

Երևանի ուրարտական (բիայնական) դամբարան

Երևանի` Արշակունյաց պողոտայի տարածքում շուրջ 30 հարյուրամյակ առաջ դամբարանադաշտ է եղել։ Վանի թագավորության մեր նախնիներն այստեղ դամբարաններ էին կառուցում, ծիսական հուղարկավորություններ անում։ Այդ դամբարաններից մեկն այսօր էլ կա և գտնվում է մեզ շատ հայտնի «Երևան մոլում»։ Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում, սակայն խորհրդային տարիներին իրականացված շինարարության ընթացքում ավերվել, ոչնչացվել է։ Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ։

Հատակի սալաքարերից մեկի տակ, պարզվում է, եղել է դամբարանի գաղտնարանը։

Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ։

Leave a comment